Ինչո՞ւ իմ eSIM-ը չի աշխատում

eSIM-ը կարող է չաշխատել մի շարք պատճառներով. խնդիրների վերացման մի քանի քայլեր կատարելուց հետո դուք կկարողանաք բացահայտել խնդիրը և արագ միանալ ձեր ուզած ցանցին։

Որտե՞ղ է աշխատում eSIM-ը

Հիշեցում․ eSIM-ը կարող է աշխատել միայն ծածկույթի տարածքում, օրինակ՝ Ֆրանսիայի համար նախատեսված eSIM-ը կաշխատի միայն Ֆրանսիայում։ Եթե տեղադրեք eSIM-ը ծածկույթի տարածքից դուրս, ապա ստիպված կլինեք սպասել մինչև հասնեք ձեր նպատակակետին՝ ցանցին միանալու համար։

Ինչպես ստուգել՝ ինչու eSIM-ը չի աշխատում

Եթե գտնվում եք eSIM-ի ծածկույթի տարածքում, հետևեք այս քայլերին, եթե eSIM-ի օգտագործման հետ կապված խնդիրներ ունեք։

Համոզվեք, որ eSIM-ը ճիշտ է տեղադրված

Եթե հետևել եք eSIM-ի տեղադրման հրահանգներին, ապա այն կտեսնեք սարքի կարգավորումների «SIM քարտեր» բաժնում: Կտեսնեք նաև, որ այն բարեհաջող տեղադրվել է հավելվածում, եթե դա հնարավոր է։

Մի՛ մոռացեք ձեր eSIM-ին եզակի պիտակ կամ անուն դնել. այդպես ավելի հեշտությամբ կճանաչեք այն, եթե ձեր սարքում մի քանի SIM քարտ կա։

Եթե ձեր սարքի կարգավորումներում չեք տեսնում eSIM-ը, ապա կարդացեք հետևյալ հոդվածը՝ Ինչո՞ւ չեմ կարողանում գտնել eSIM-ը, թեև Airalo հավելվածը նշում է, որ այն տեղադրված է։

Համոզվեք, որ կատարել եք միացման քայլերը

Եթե ձեր սարքում տեղադրված է eSIM, ցանցին միանալու համար ձեզ հարկավոր է կարգավորել մի քանի պարամետր։ Կախված ձեր eSIM-ից և սարքից, քայլերը կարող են մի փոքր տարբերվել, բայց դուք միշտ պետք է կատարեք հետևյալ գործողությունները.

  • Համոզվել, որ eSIM-ը միացված է
  • Համոզվել, որ ինտերնետի համար ընտրված է eSIM-ը

Եթե օգտագործում եք eSIM, որը հնարավորություն է տալիս զանգեր կատարել և SMS հաղորդագրություններ ուղարկել, ապա այն նույնպես պետք է ընտրեք զանգերի և հաղորդագրությունների համար։

eSIM-ի համար անհրաժեշտ գործողությունները տեսնելու համար անցեք Իմ eSIM-ները > Մանրամասներ > Ցուցադրել հրահանգները և գտեք «Ինտերնետ հասանելիության» քայլերը։ Ուշադիր կարդացեք և հետևեք հրահանգներին։

Համոզվեք, որ ինքնաթիռի ռեժիմն անջատված է

Սա կարող է պարզ թվալ, բայց դա ամենատարածված պատճառներից մեկն է, թե ինչու սարքերը չեն միանում բջջային ցանցին։

Ինքնաթիռի ռեժիմը միացնելիս անջատվում են բոլոր անլար միացումները, ներառյալ բջջային ինտերնետը և eSIM միացումը։ Նույնիսկ եթե տեղադրված է eSIM-ը և կարգավորումները ճիշտ են, դուք չեք կարողանա միանալ ցանցին, քանի դեռ չեք անջատել ինքնաթիռի ռեժիմը։

Անջատելուց հետո մի քանի վայրկյան սպասեք։ Ձեր սարքը կսկսի որոնել հասանելի ցանցեր, և ձեր eSIM-ը շուտով կմիանա։

Ստուգեք APN-ի կարգավորումները

Որոշ eSIM-ների համար պահանջվում է սարքի կարգավորումներում մուտքագրել կոնկրետ հասանելիության կետը (APN)։ Դուք կարող եք գտնել այս տեղեկատվությունը հավելվածի տեղադրման հրահանգներում․ շատ դեպքերում APN-ը կարգավորվում է ավտոմատ կերպով։

Եթե APN-ը ավտոմատ կերպով կարգավորված չէ, հետևեք «Ինտերնետ հասանելիություն» բաժնի հրահանգներին՝ APN-ը պատճենելու և տեղադրելու համար։

Միացրեք ինտերնետ ռոումինգը

Որոշ eSIM-ների համար պահանջվում է միացնել ինտերնետ ռոումինգը․ դա կարելի է անել սարքի կարգավորումներում։ Անհրաժեշտության դեպքում հետևեք «Ինտերնետ հասանելիություն» բաժնի հրահանգներին՝ ձեր eSIM-ի ինտերնետ ռոումինգը միացնելու համար։

iOS սարքերում կարող եք միացնել ինտերնետ ռոումինգը առանձին SIM քարտերի համար: Համոզվեք, որ այն անջատված է ձեր հիմնական SIM քարտում՝ ռոումինգի վճարներից խուսափելու համար։

Android սարքերում ինտերնետ ռոումինգը սովորաբար տարածվում է բոլոր օգտագործվող SIM քարտերի վրա. համոզվեք, որ հիմնական SIM քարտն անջատված է՝ ռոումինգի վճարներից խուսափելու համար։

Ընտրեք ցանցը ձեռքով

eSIM-ը կկարողանա միանալ առնվազն մեկ ցանցի իր ծածկույթի տարածքում, իսկ որոշ դեպքերում այն կկարողանա միանալ մի քանի ցանցերի։

Հիմնականում այն ավտոմատ կերպով միանում է առկա ամենահզոր ցանցին, բայց որոշ դեպքերում կարող է սխալ ցանց ընտրել։

Ձեր eSIM-ի համար հասանելի ցանցերը կարող եք գտնել տեղադրման հրահանգների «Ինտերնետ հասանելիություն» բաժնում։ Ցանցը ձեռքով ընտրելու համար հետևեք ցանցի ընտրության հրահանգներին։

Ժամանակավորապես անջատեք մնացած բոլոր SIM-ները

Եթե ձեր սարքը թույլ է տալիս միաժամանակ օգտագործել մի քանի SIM քարտ, ժամանակավորապես անջատեք մնացած բոլոր SIM քարտերը, որոնք կարող են խանգարել eSIM-ի միացմանը։

Դուք կարող եք կառավարել դա ձեր սարքի կարգավորումների «SIM քարտեր» բաժնում։

Կարգավորեք ցանցի ռեժիմը

Որոշ դեպքերում ավելի հեշտ է, որպեսզի ձեր eSIM-ը միանա ցանցին այլ ռեժիմով։ Եթե փորձում եք օգտագործել 5G, փորձեք միանալ 4G-ին/LTE-ին կամ 3G-ին։

iOS-ի համար դուք պետք է անցնեք eSIM-ին սարքի կարգավորումներում՝ ցանցի ռեժիմը կարգավորելու համար։

Android-ի համար դուք պետք է անցնեք բջջային ցանցի կարգավորումներ՝ ցանցի ռեժիմը կարգավորելու համար։

Երբ eSIM-ն աշխատի, կարող եք փորձել այն փոխել ձեր ուզած ցանցի ռեժիմին։

Վերագործարկեք ձեր սարքը

Եթե կատարել եք վերոնշյալ բոլոր քայլերը, բայց խնդիրը չի լուծվում, փորձեք վերագործարկել սարքը․ երբեմն այս գործողությունը վերականգնում է սարքի կապը, և eSIM-ը միանում է ցանցին։

Ստուգեք ազդանշանի ծածկույթի տարածքը

Եթե վերոնշյալ խնդիրների վերացման ոչ մի քայլ չի օգնում լուծել խնդիրը, հնարավոր է, որ ձեր գտնվելու վայրում կապի ազդանշանը բավականաչափ ուժեղ չէ, որպեսզի eSIM-ը միանա ցանցին։

Եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք, դիմեք մեր աջակցման թիմին։ Մենք աշխատում ենք շուրջօրյա ռեժիմով և միշտ պատրաստ ենք ձեզ օգնել։

Նմանատիպ հարցեր

Այլ թեմաներ

Հեղինակային իրավունքը՝ Airalo © 2021
  • x