Airalo

Վերահղում է դեպի Airalo-ի գլխավոր էջ։

Անսահմանափակ ինտերնետ փաթեթներ - Բարեխիղճ օգտագործման քաղաքականություն

Այս քաղաքականության մասին. Այս քաղաքականությունը բացատրում է, թե ինչպես են գործում մեր անսահմանափակ ինտերնետ փաթեթները, և ինչպես պետք է դրանք օգտագործել։ Այն տարածվում է մեր կայքի, հարթակի և հավելվածի միջոցով հասանելի բոլոր անսահմանափակ ինտերնետ փաթեթների վրա։ Այս քաղաքականությունը պետք է կարդալ մեր Ընդհանուր պայմանների, մեր Ծառայությունների օգտագործման պայմանների և Ընդունելի օգտագործման կանոնների հետ միասին։ Երբ մենք ասում ենք «Airalo», «մենք», «մեր» կամ «մեզ», նկատի ունենք AirGSM Pte Ltd ընկերությունը, որը գրանցված է Սինգապուրում հետևյալ հասցեով՝ 6 Raffles Blvd, #03-308 Marina Square, Singapore 039594։ Գնելով կամ ակտիվացնելով անսահմանափակ ինտերնետ փաթեթ՝ դուք համաձայնում եք հետևել այս քաղաքականությանը։


Ինչպե՞ս կարող եմ օգտագործել իմ անսահմանափակ փաթեթը․ Մեր անսահմանափակ ինտերնետ փաթեթները նախատեսված են անձնական, ոչ առևտրային օգտագործման համար։ Դուք կարող եք օգտագործել ձեր փաթեթն առօրյա գործողությունների համար, օրինակ՝ ինտերնետում զննարկման, ուղիղ հեռարձակման դիտման, հաղորդագրությունների փոխանակման, տեսազանգեր կատարելու և սոցիալական ցանցերից օգտվելու համար։ Դուք կարող եք ձեր սարքն օգտագործել որպես անձնական հոթսփոթ՝ ինտերնետ կապը այլ սարքերի հետ կիսելու համար: Միացվող սարքերի քանակի կամ ինտերնետը կիսելու վրա որևէ սահմանափակում չկա։


Ի՞նչ նկատի ունենք «անսահմանափակ» ասելով․ Մեր անսահմանափակ ինտերնետ փաթեթները չունեն ինտերնետի ընդհանուր ծավալի հստակ սահմանաչափ։ Սակայն, ցանցի արդարացի օգտագործումն ապահովելու նպատակով՝ օրական 3 ԳԲ սահմանաչափը գերազանցելու դեպքում մենք կնվազեցնենք (կամ կսահմանափակենք) ձեր ինտերնետի արագությունը մինչև 1 Մբիթ/վ՝ օրվա մնացած ժամանակահատվածի համար։ Ձեր գերարագ կապն ավտոմատ կերպով կվերականգնվի, երբ օրական սահմանաչափը զրոյանա։ Ձեր օրական սահմանաչափը վերականգնվում է յուրաքանչյուր 24 ժամը մեկ՝ սկսած eSIM-ի ակտիվացման պահից։


Գերարագ ինտերնետի օրական կանխադրված սահմանաչափը 3 ԳԲ է։ Եթե ​​կիրառվում է այլ շեմ, ապա այն հստակ նշված կլինի փաթեթի մանրամասներում՝ նախքան գնում կատարելը։ Սույն քաղաքականության նպատակների համար «օր» նշանակում է 24-ժամյա յուրաքանչյուր ժամանակահատված, որը սկսվում է ձեր eSIM-ն ակտիվացնելու պահից և վերսկսվում է ակտիվացման պահից հաշվարկվող յուրաքանչյուր 24 ժամը մեկ՝ համաձայն ձեր փաթեթի պայմանների։


Մեր անսահմանափակ փաթեթները նախատեսված են անձնական օգտագործման համար։ Դրանք նախատեսված չեն շարունակական, շուրջօրյա օգտագործման համար, որը բնորոշ է ավտոմատացված համակարգերին, սերվերներին կամ մեքենայից-մեքենա (machine-to-machine) այլ կիրառություններին։ Եթե ​​փաթեթի գործողության ընթացքում ձեր ընդհանուր օգտագործման ծավալը գերազանցի այն մակարդակը, որը կարող է ողջամտորեն սպառվել անձնական սովորական օգտագործման պարագայում, մենք կարող ենք կասեցնել, սահմանափակել կամ դադարեցնել կապը՝ ցանցը պաշտպանելու և չարաշահումը կանխելու նպատակով, ինչպես նշված է ստորև՝ «Սույն քաղաքականության խախտումներ» բաժնում։


Ի՞նչ կարող եմ անել 1 Մբիթ/վ արագությամբ․ 1 Մբիթ/վ արագության դեպքում դուք կարող եք հաղորդագրություններ ուղարկել և ստանալ, դիտել պարզ վեբ-էջեր, օգտվել քարտեզներից՝ նավիգացիայի համար, ինչպես նաև կատարել ցածր որակի տեսազանգեր։ Ինտերնետի մեծ ծավալ պահանջող գործողությունները, ինչպիսիք են տեսանյութերի հեռարձակումը, խաղերը կամ մեծ ծավալի ֆայլերի ներբեռնումը, կդանդաղեն, մինչև ձեր արագությունը վերականգնվի։


Ինչ ենք խորհուրդ տալիս չանել․ Ցանցը պաշտպանելու և բոլոր օգտատերերի համար ծառայության արդարացի օգտագործումն ապահովելու նպատակով արգելվում է անսահմանափակ ինտերնետ փաթեթի հետևյալ կիրառությունները՝

  1. տվյալների կապը երրորդ կողմերի հետ վերավաճառելը, վերաբաշխելը կամ առևտրային նպատակով կիսելը.
  2. ինտերնետ կապի օգտագործում՝ առանց մարդու անմիջական մասնակցության, ավտոմատացված կամ «մեքենայից-մեքենա» եղանակով, այդ թվում՝ SIM-ֆերմաների, ավտոմատ զանգահարման համակարգերի, զանգվածային հաղորդագրությունների համակարգերի կամ նմանատիպ այլ ավտոմատացված գործիքների միջոցով,
  3. ինտերնետ կապի օգտագործումն այնպիսի եղանակով, որն անհիմն կերպով վատթարացնում է հիմնական ցանցի աշխատանքը կամ ծանրաբեռնում է այն՝ ի վնաս այլ օգտատերերի (օրինակ՝ երկար ժամանակ շարունակաբար բարձր արագությամբ շատ մեծ ծավալի ֆայլերի ներբեռնում, P2P (peer-to-peer) ֆայլերի փոխանակման հավելվածների կիրառում, կամ վեբ-սերվերի կամ խաղային սերվերի տեղակայում),
  4. ինտերնետ կապի օգտագործումը որևէ անօրինական նպատակով կամ գործող օրենքների խախտմամբ, և
  5. սույն քաղաքականության շրջանակներում կիրառվող ցանցի կառավարման որևէ միջոցառում շրջանցելու կամ խաթարելու փորձ։

Մենք ողջամտորեն կորոշենք՝ արդյոք օգտագործման կոնկրետ դեպքը ենթակա է վերը նշված դրույթների կիրառմանը, թե ոչ։


Ցանցի կառավարում. Մեր փաթեթների աշխատանքն ապահովող ցանցերը կարող են կիրառել թրաֆիկի կառավարման միջոցառումներ ծանրաբեռնվածության ժամանակ։ Սա կարող է հանգեցնել արագության նվազեցման, որը կապված չէ վերը նշված՝ օրական 3 ԳԲ-ի սահմանաչափի հետ և դուրս է Airalo-ի անմիջական վերահսկողությունից։ Airalo-ն որևէ երաշխիք չի տալիս կապի արագության, որակի կամ հասանելիության հետ կապված այդ ժամանակ։


Սույն քաղաքականության խախտումներ. Եթե ​​մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ դուք օգտագործում եք անսահմանափակ ինտերնետ փաթեթն այնպիսի եղանակով, որը խախտում է սույն քաղաքականությունը, մենք կարող ենք առանց նախնական ծանուցման կատարել հետևյալ գործողությունները՝

  1. կասեցնել կամ սահմանափակել ձեր փաթեթի և Airalo հաշվի հասանելիությունը,
  2. դադարեցնել ձեր փաթեթը՝ առանց գումարի վերադարձի, կամ
  3. ձեռնարկել ցանկացած այլ գործողություն, որը մենք ողջամտորեն անհրաժեշտ ենք համարում՝ ցանցը և այլ օգտատերերին պաշտպանելու համար։

Սույն քաղաքականության խախտումը նաև համարվում է մեր «Ընդունելի օգտագործման կանոնների» և «Ընդհանուր պայմանների» խախտում. հետևաբար՝ խախտողի նկատմամբ կկիրառվեն այդ փաստաթղթերով նախատեսված միջոցները։


Ընդհանուր տեղեկություններ․ Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել սույն քաղաքականությունը։ Մենք ձեզ կտեղեկացնենք կարևոր փոփոխությունների մասին՝ համաձայն մեր Ընդհանուր պայմանների։ Փոփոխություններն ուժի մեջ են մտնում հրապարակման օրվանից և կիրառվում են այդ օրվանից կամ դրանից հետո գնված փաթեթների նկատմամբ։

Սույն քաղաքականությունը և դրանից բխող կամ դրա հետ կապված ցանկացած վեճ կամ պահանջ կարգավորվելու և մեկնաբանվելու է Անգլիայի և Ուելսի օրենքների համաձայն: Անգլիայի և Ուելսի դատարանները կունենան բացառիկ իրավասություն ցանկացած վեճի կամ պահանջի նկատմամբ։